Հին ասացվածքները

Մի քաղաքում, որի սովորույթների և ավանդույթների մասին ես ձեզ դեռ կպատմեմ,  անհետաքրքիր, ես կասեի՝ պարզապես հնաոճ մի շենք կա: Դա Հին ասացվածքների Ասացվածքանոց է:  Այս Ասացվածքների տանը  հանգստանում են Հին ասացվածքները: Նրանք մի ժամանակ, իհարկե, երիտասարդ են եղել, առույգ, բայց  հիմա արդեն դա հետաքրքիր չէ:  Ես ասացի՝ հանգստանո՞ւմ են: Ո՜չ, ի՜նչ հանգստանալ, մի գլուխ լեզվին են տալիս ու անընդհատ վիճում են:
_ Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես,_հայտարարում է ասենք մի տիկին Հին ասացվածք:
_ Ասելով չի, անելով է,- հակաճառում են նրա ընկեր-հարևանները:
_ Խելքի բան է. Կրթությունը լույս է, անկրթությունը՝ խավար: Եթե ուզես, կսովորես, ու բոլոր ճամփեքը լույս կտան քեզ: Եվ ընդհանրապես, որ շատ ուզես, ամեն ինչի կհասնես, – մրթմթում է մի Ծերունի ասացվածք:
_ Շատին վազողը քչին էլ չի հասնի,- լուրջ-լուրջ խոսում է  մի ուրիշ  Ծեր ասացվածք:
_ Ի՜, ո՛վ է ասում,- մեջ է ընկնում  մի այլ Հին ասացվածք: _ Որ մարդիկ բավարարվեին իրենց ունեցածով, ուրեմն մինչև հիմա կապիկների նման ծառերի վրա կապրեին:
_Գեղ կանգնի, գերան կոտրի,-  լսվում է մեկի ձայնը:
Սրա հետ էլ մեկը չի համաձայնում.
_Ամեն մարդ իր բաժին գործն է անում,   իր բաժին երկինքն է պահում: Բայց մեկ է՝ ուժը միաբանության մեջ է:
Հին ասացվածքները մի պահ  ձայները կտրում են: Հետո Ամենածեր ասացվածքը շարունակում է խոսակցությունը.
_ Մեկ է՝ խաղաղություն ուզողը պիտի պատերազմի պատրաստվի:
Ինչպես տեսնում եք, Հին ասացվածքները, իրար հետ վիճելով, մեկ-մեկ էլ ճիշտ բաներ են ասում, հատկապես, երբ քննադատում են իրար: Կարևորն այն է, որ հակաճառեն իրար, չհամաձայնեն իրար հետ:
Ասենք  ծեր ասացվածքներից մեկն ասում է.
_ Ճտերն աշնան են հաշվում:
Մյուսն անպայման չի համաձայնում.
_Լավ սկիզբը գործի կեսն է:
Այդ ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ ասացվածք նրան կատվախոտի կաթիլներ է տալիս և համբերատար բացատրում է, որ ով խաղաղություն է ուզում, ուրեմն խաղաղություն պիտի սարքի, ոչ թե ռումբեր:
_ Ինչ ուզում ես ասա, ամեն մարդ իր տան թագավորն է,- ասում է մեկը:
_Բա որ այդպես է, ինչո՞ւ են բոլորը հարկեր վճարում, ինչո՞ւ են լույսի համար վճարում, գազի համար…էլ ի՛նչ թագավոր:
Սրան էլ հակաճառում են բոլորը:
Ես սկսում եմ նրանց խղճալ: Նրանք չեն հասկանում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքներով հեռու չես գնա (շատ բանի չես հասնի), որ կյանքը կարող են փոխել միայն երիտասարդները, համարձակ մարդիկ՝ վարպետ ձեռքերով և խելացի, լուսավոր գլխով: Այնպիսին, ինչպիսին դուք եք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *